Որովայնի խոռոչի ՄՌՏ-ն հետազատության ոչ ինվազիվ պատկերավորման մեթոդ է, որն ապահովում է որովայնի օրգան-համակարգերի մանրակրկիտ ուսումնասիրություն: Այն հզոր ախտորոշիչ գործիք է, որն օգնում է բժիշկներին գնահատել որովայնի ներքին օրգանների վիճակը եւ հնարավոր փոփոխությունները: Իր անվտանգության եւ բարձր ճշգրտության շնորհիվ այս մեթոդը դարձել է ժամանակակից բժշկության անբաժանելի մասը։
Թուլությունը, քաշի կտրուկ նվազումը, մաշկի դեղնությունը, ախորժակի բացակայությունը, սրտխառնոցն ու որովայնի շրջանում հաճախակի ցավերը մի շարք հիվանդությունների ժամանակ ի հայտ եկող հիմնական ախտանիշներից են:
Որովայնի խոռոչի ՄՌՏ հետազոտությունը կատարվում է հետեւյալ պաթոլոգիաների կասկածի կամ առկայության դեպքում.
- նորագոյացություններ կամ մետաստազներ,
- լյարդի ցիռոզ,
- կիստաներ եւ թարախակույտներ, լեղուղիների բորբոքային հիվանդություններ, քարեր լեղուղիներում,
- սուր եւ քրոնիկ պանկրեատիտ,
- երիկամների զարգացման բնածին անոմալիաներ,
- մակերիկամների գոյացություններ,
- փայծաղի վնասվածքներ եւ պատռվածքներ,
- որովայնի խոռոչի օրգանների վիրահատությունների պլանավորում։
Որովայնի խոռոչի ՄՌՏ հետազոտություն ցուցված է նաեւ այն դեպքում, երբ ուլրաձայնային հետազոտությամբ կամ այլ մեթոդով հայտնաբերված խնդիրն առավել մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի։
ՄՌՏ հետազոտություն կատարվում է նաեւ որովայնի օրգանների վնասվածքների եւ ուռուցքային հիվանդությունների բուժման մոնիտորինգի դեպքում։ ⠀



